ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Արցախում գարունը հայերեն էր գալիս

Արցախում գարունը հայերեն էր գալիս
10.02.2024 | 20:04

1988 թվականի գարնան առաջին օրերն էին։ Ձմեռն արդեն ետ էր տարել իր ճերմակ փեշերն ու գարունը ամոթխած աղջկա պես, տեղ-տեղ մնացած մի քանի ափ ճերմակով անուշ մերկությունն էր փորձում թաքցնել։

Արցախում ենք։ Վազգեն Սարգսյանի հետ, տեղացիներից մեկի կարմիր «Զապարոժեցով» գնում ենք Գանձասար։

Ճանապարհին ձմռան նիրհից արթնացած բնության տեսարանները չեն վրիպում Վազգենի աչքից։

Առաջին անգամ է Արցախում։

Հասանք Վանք գյուղի սահմանին։

Վազգենը հանկարծ, ոչ այն է խնդրեց, ոչ այն է հրամայեց վարորդին կանգնել ցուցանակի մոտ։ Կանգնեցինք։ Ցուցանակին մեծ-մեծ տառերով հայերեն ու ռուսերեն գրված էր` «ՎԱՆՔԼՈՒ»։

Վազգենը վարորդից սուր, քերող մի գործիք վերցրեց ու քերեց, մաքրեց, ջնջեց ,ՎԱՆՔ-ին սոսնձված «լու»-ն, հետո գոհ, իրեն հատուկ հոմերական ծիծաղով ասաց.

«Դեհ, գնացինք»։

Հասանք Գանձասար։

Եկեղեցին ու տարածքը գիշեր-ցերեկ հսկող ջահելները տեսնելով կարմիր «Զապարոժեցը» իսկույն շրջապատեցին այն։

Այդ օրերին Հայաստանից Արցախ գնացած ամեն մարդ հույս ու հավատ էր ամրացնում։ Մինչև հիմա էլ հիշում եմ Գանձասարի երդվեալ պահապանների առնական դեմքերը, վառվռուն աչքերի փայլը։

Այդ օրը Վազգենը նրանց համար «Գարուն» ամսագրի աշխատակից էր լոկ, որ գործուղղմամբ Արցախ էր հասել:

Օրն արդեն իրիկնանում էր։ Գիշերը Շահմասուր գյուղում մնացինք։ Հյուրասիրության ջերմ գիշեր էր:

Առավոտյան կարմիր «Զապարոժեցով» վերադառնում էինք Ստեփանակերտ։

Վազգենը խնդրեց ՎԱՆՔ գյուղի ցուցանակի մոտով անցնել։

ԱՐՑԱԽՈՒՄ գարունը հայերեն էր գալիս…

Երա՞զ էր…

Չգիտե՛մ։

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 4667

Մեկնաբանություններ